Այս տարի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»): Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։
Ըստ հրապարակման՝ ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումով:Արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հայկական յուրօրինակ բրենդ է դարձել և համախմբում է աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի:
2021թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված երրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի հիմնական թեմաները վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում:
Գագաթնաժողովի մասնակիցների հետ վերջերս կայացած առցանց հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Ես նրանցից մեկն եմ, ովքեր հավատում են, որ մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, կարևոր ու հզոր բնական պաշարներ են, քանի որ դա է ապագան, դա է 21-րդ դարը»:
Տեսանյութն ամփոփում է 2019 և 2020 թվականներին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ների կարևոր պահերը: