Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը քննարկելիս վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում արձանագրեց, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է լինելու։ Այս մասին կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ իր բացման խոսքում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ մասին զետեղված է կառավարության ծրագրում, իսկ ծրագիրն արդեն դարձել է աշխատանքնային օրակարգ․ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ինքը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, իսկ այսօր մեկնում է Վրաստան։ Երկու երկրների հետ էլ քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների թեման։
«Այս համտեքստում կարևորում եմ «Հյուսիս-Հարավ» նախագիծը, որը ԻԻՀ-ի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ սահմանին։ Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան- Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այստեղ վերջնական արդյունքի հասնելու համար վճռական է։
Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանն էլ իր հերթին անկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Նա հիշեցրեց, որ մենք տրամադրված ենք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի վերականգնմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
Վարչապետը կարևորեց Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացման հարցը։ Ասաց, որ պետք է աշխատենք դրանց համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Նշեց նաև գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու հարցի մասին։
Փաշինյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանին, որտեղ, ըստ Փաշինյանի, հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է նկատվել։
«Մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով՝ խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությանն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվրամիությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի ու Հնդկաստանի հետաքրքրվածությունը հայտնի է։
«Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են,- ասաց Փաշինյանը,- դրանց իրագործման համար պրագմատիկ ջանքեր են պետք, և ՀՀ-ն պատրաստ է նման ջանքեր գործադրելուն»։