2011 թվականին ՀՀ կառավարությումը հավանության արժանացրեց «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»:
Դրանով հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:
Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:
Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 համայնք:
Այժմ ՏԿԵ նախարարության առաջարկով՝ կառավարությունը հաստատեց համայնքների խոշորացման ևս 37 ծրագիր, որով միավորվում 441 համայնք։