Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։
Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ ջանքերով և ծրագրերով ընդլայնել հայ-վրացական գործակցությունը և խթանել տարածաշրջանային երկխոսությունը։
Վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ:
Այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան։