«Հրապարակ» թերթը գրում է. «Slaq.am կայքի խմբագիր, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը non stop ռեժիմով անխնա քննադատած Մենուա Հարությունյանը պատերազմից հետո անցել է ընդհատակ։ Նա ո՛չ եթերներում է երեւում, ո՛չ Ֆեյսբուքում է ակտիվ։ Միայն երբեմն-երբեմն կարելի է նրան հանդիպել կենտրոնի սրճարաններում կամ իր շքեղ մեքենաներով քաղաքում շրջելիս։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դեպրեսիա է տարել, խոսում են նաեւ, որ նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել, դրա համար չի խոսում։ Մենք տեղեկացանք, սակայն, որ Մենուան այժմ նորից ակտիվացել է՝ մի խումբ անձանց հետ նախաձեռնել է «Միասին» շարժումը, որը որդեգրել է երեք թիրախային ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերություններ, սոցիալական արդարություն, ազգային արժեհամակարգ։ Ճիշտ է, Մենուան դեռեւս չի երեւում, բայց շուտով նա էլ կակտիվանա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արկադի Բալայանն առաջիկայում նոր պաշտոն կարող է ստանալ: Չի բացառվում, որ նրան նշանակեն Քրեակատարողական ծառայության պետ: ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 3-ին: Մենք տեղեկացանք, որ նա էլ առանց աշխատանքի չի մնա եւ առաջիկայում կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի մաքսային եւ հարկային վարչության պետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրերս հրապարակեց Սյունիքի իրենց թեկնածուների ցանկը։ Որոշ տեղեկություններով՝ թիմում հեշտ չի կայացել թեկնածուների ընտրությունը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ մղել Գորիսում, բայց հաղթել է Սյունիքից ընտրված պատգամավոր, նախկին ՃՈ պետ Արմեն Խաչատրյանի թեկնածուն։ Մեր տեղեկություններով, նա Մեղրիի մաքսայինի նախկին պետ Վլադիմիր Աբունցն է, ում հեղափոխությունից հետո ազատեցին աշխատանքից՝ համակարգը մաքրելու գործողությունների շրջանակում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է երեկ հրաժարական ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: Բանն այն է, որ անակնկալ կերպով հրաժարական ներկայացրած Թեւոնյանը, որ ամիսներ առաջ՝ 2020-ի դեկտեմբերին էր մարզպետ նշանակվել, պատրաստվում է մասնակցել Արարատ քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ըստ մեր աղբյուրների՝ առաջիկայում խոշորացվող Արարատ համայնքում, որի կազմի մեջ է լինելու նաեւ Ավշար համայնքը, իշխանությունը ցանկանում է ուժեղ ու կարող թեկնածուի առաջադրել»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող »Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի առաջադրումը Գորիսի համայնքապետի ընտրություններում, ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահները գործի են անցել, փորձելու են չեզոքացնել Առուշանյանի աջակիցներին: Առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են, նախօրեին մոտ մեկ տասնյակից ավելի գորիսեցիների խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ, Առուշանյանի մերձավորներ: Չգիտես ինչու, հիշել են ապրիլի 21-ին Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը եւ սյունյաց «ողջույնների» ու ձվերով Փաշինյանի մեքենային հարվածելու համար մեղադրանք են առաջադրել։ Զրահապատ մեքենային ձվով հարվածելու հետեւանքով, ըստ մեղադրանքի, 24 մլն դրամի վնաս են պատճառել։Թե ինչպես են հաշվել վնասի չափը, ոչ ոք չգիտի։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Առուշանյանի ընկերական եւ բարեկամական շրջապատը խոշորացույցի տակ է, առաջիկայում նոր որս են սկսելու»:
«Իրավունք» թերթը գրում է․ «Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում բուռն քննարկումներ են ընթանում: Այս պահի դրությամբ` վերջնական որոշում չկա, թե որ համայնքներում ԲՀԿ-ն կունենա մասնակցություն` առաջադրված թեկնածուների տեսքով: Սակայն, միանշակ է, որ որոշ համայնքներում ընդհանրապես չեն պատրաստվում թեկնածու առաջադրել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում, վերջին շաբաթվա ընթացքում երեք-չորս կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել արդարադատության նախարարություն։ Խոշորացված համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ որեւէ անհատ, անկուսակցական անձ, թեկուզ գյուղում շատ հարգված նախկին համայնքապետ, չի կարող միայնակ առաջադրվել, պետք է կուսակցության ցուցակ գլխավորի: Օրինակ՝ այսօր Արարատի մարզի «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունենալու «Օրենք եւ արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը, սեպտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում էլ «Ամբերդ» անունով ազգայնական կուսակցության հիմնադիր համագումարն է նախատեսված, հոկտեմբերի 5-ին «Էլիտ Պլազայում» նշանակված է «Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը»։
Մանրամասն՝ թերթերի այսօրվա համարներում։