Աժ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է ՀՀ ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով։
Նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը:
«Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք, իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախին առնչվող հարցերը ներառել»,- հայտարարեց նա։
Հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր կարծիքը հայտնեց նախագծի վերաբերյալ.
«Այս նախագծով առաջարկվում է լիազորությունների այն մեծ մասը, որը միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա վերապահված է ՀՀ-ի և Արցախի միջև ձևավորված և արդյունավետ գործող ձևաչափին, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները, իջեցնել սովորական պրոֆիլային հանձնաժողովի մակարդակի»:
Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ ՀՀ ԱԺ-ում գործող բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով:
«Մենք պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդյունավետ, օգտակար բոլորին, նախևառաջ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Ցավով պետք է արձանագրեմ, որ այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին»,- ընդգծեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Քննարկումից հետո մերժվեց «Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը»՝ «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով» անվանափոխելու «Հայաստան» դաշինքի առաջարկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժել էր Արցախի հարցերով առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկը։