ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին չգնաց Արցախ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Փոխարենը Ձեզ և ՔՊ-ի ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում ուրախ ժամանց անցկացնելիս։ Պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա։ Արդյոք Արցախ չմեկնելու պատճառն Ալիևի արգելքն ու գերի ընկնելու վա՞խն է, թե՞ կան այլ պատճառներ»,- Մանուկյանը հարցրեց Ալեն Սիմոնյանին։
ԱԺ նախագահն էլ արձագանքեց, որ Արցախ մեկնել է պատվիրակություն, որը եղել է բավականին ներկայացուցչական։
«Դրա հետ կապված այլ մեկնաբանություն չեմ անի։ Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին և ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»,- պատասխանեց նա։
Հիշեցնենք, որ Արցախի անկախության օրը ՀՀ բարձր ղեկավարությունից ոչ ոք Արցախ չի մեկնել։ Արցախ մեկնել է միայն ԱԺ պատվիրակություն։