ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով»-ը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացութուն ստացած նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Վերջինս նշեց, որ առաջարկել էին նախ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել, որը, սակայն, մերժվել էր: Հետո առաջարկել են «Արտաքին հարաբերությունների հանձնաժողով»-ը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով հանձնաժողով»՝ գործառույթներից մեջ ավելացնելվ նաև Արցախին առնչվող հարցեր: Սակայն վերջին նախաձեռնությանը ևս ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:
«Մենք այսօր ունենք բոլորովին նոր իրավիճակ տարածաշրջանում և Արցախի խնդրի հետ առնչվող: Եթե նույնիսկ այս իրավիճակում մենք չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր հանձնաժողովներից որևէ մեկի գործառույթում, ապա, ես կարծում եմ՝ այս խուսափողական, այս նահանջող գործելակերպը ո՛չ թե խելամտության մասին է վկայում, այլ անկամության, թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին»,- ասաց Վարդանյանը:
ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ պետք է շատ ուշադիր և շատ լուրջ աշխատանք իրականացնեն՝ ելնելով ծառացած մարտահրավերներից:
«Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և ԱՀ-ի ԱԺ նախագահները: Այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ, սխալ է: Առաջարկվող լուծումների մի մասն արդեն իսկ ընդգրկված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասության ոլորտում, գործառույթների մի մասը վերապահված է այլ հանձնաժողովներին»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկել են Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել, որը մերժվել էր։