Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի համընդհանուր ճանաչում ունեցող սահմանները՝ որպես իր սեփականը։ Այս մասին սեպտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուս սենատոր, Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Անդրեյ Կլիմովը։
Նրա խոսքով ՝ այդ պարտավորությունը բխում է Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներից։ Ռուսաստանի ռազմական դոկտրինը կազմակերպվում է այնպես, որ պաշտպանելով իրեն և իր դաշնակիցներին՝ կարելի է դիմագրավել բոլորին միասին վերցրած։
«Բոլորը, ում դա պետք է, գիտեն այդ մասին, և ես խորհուրդ չէի տա դա ստուգել, քանի որ այդ ստուգումը ոչ մեկի համար լավ չի ավարտվի։ Անկարայում մեր գործընկերները դա էլ են լավ հասկանում։ Այլ բան է, որ մենք չէինք ցանկանա բազմապատկել այն խնդիրները, որոնք առանց այդ էլ բավարար են։ Ուստի, մենք փորձում ենք հետևել «մի վնասիր» հին սկզբունքին։ Առավել ևս, որ հենց Ռուսաստանի Դաշնությունում ներքին խնդիրներ կան, բայց բոլորի համար պետք է մի բան ակնհայտ լինի. հետևանքներ կլինեն, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան շփոթի»,- հայտարարել է սենատորը։
Կլիմովի խոսքով ՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ոչ հիմա, և «Ռուսաստանի կառավարության պատասխանատվությունը, համենայնդեպս, ներկայիս իշխանության, որը եկել է Խորհրդային Միության փլուզումից հետո, անհամեմատելի է այդ հակամարտության գոտու կողմերի պատասխանատվության հետ»:
«Այդ գոտու երկու հակամարտող կողմերը մտնում են ԱՊՀ-ի մեջ, ինչը նույնպես անհրաժեշտ է նկատի ունենալ, թե ով ինչպես դրան վերաբերվի»,- հայտարարել է սենատորը՝ հավելելով, որ այդ ֆոնին Ռուսաստանի Դաշնությունը ամենաքիչը կցանկանար պատերազմներ իր սահմանների մոտ:
Սենատորը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանը ռուս խաղաղապահների կողմից աննախադեպ արագ և արդյունավետ մանևր է ձեռնարկել:
«Եվ այն, որ այսօր Ղարաբաղում գրեթե պատերազմ չկա, դա 99 տոկոսով Մոսկվայի վաստակն է»,- ընդգծել է նա:
Կլիմովի խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղում բնակվում է շուրջ 1,5 հազար ռուս հայրենակից։
«Հակամարտությունից առաջ այնտեղ ավելի շատ մարդ կար։ Այսօր կարևոր է, որ Ղարաբաղում իրական խաղաղություն լինի և ամբողջ ծավալով կատարվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ընդգծել Է սենատորը: