Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների մամուլի համար համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նշենք, որ Սլովակիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը նշեց, որ բարցր մակարդակով քաղաքական երկխոսություն կա երկրների միջև։ Նա նշեց, որ ՀՀԱԳՆ-ում կայացած հանդիպմանը Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոսել են մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարել նաև տնտեսական հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու թույլ տրված հանցագործություններին, եռակողմ հայտարարության չկատարված դրույթներին։
«Մասնավորապես, դա վերաբերում է հայ ռազմագերիներին և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելուն: Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ: Անդրադարձել ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածությանը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին, Հայաստանի տարածքներ ներթափանցելու մասին: Խոսել ենք բոլոր առկա խնդիրները խաղաղ, բանակցությունների ճանապարհով լուծելու մասին։ Մասնավորապես, խոսել ենք ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտության մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը իր խոսքում մասնավորապես նշել է․
«Յուրաքանչյուր կոնֆլիկտ սովորական մարդկանց մոտ, ի վերջո, տառապանքի է հանգեցնում, որոնք, բնականաբար, ցանկանում են ապրել խաղաղության մեջ: Ամեն կոնֆլիկտ լուծվում է, եթե կա կամք և հաստատակամություն: Մենք՝ որպես Եվրամիության անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հուլիսի 29-ի նրանց հայտարարությունը վերահաստատում է հիմնական հարցերի՝ համապարփակ և կայուն բանակցային լուծում գտնելու կարիքը։ Կարևոր է ձեռնպահ մնալ էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողությունից և լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու հրադադարի պարտավորությունները»,- հայտարարեց Սլովակիայի ԱԳ նախարարը։