Այսօր կամ վաղը Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն կա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշվել է, որ լինելու է փակ քննարկում, քանի որ հնարավոր է՝ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն։ Իրենք ձգտելու են, որ առաջին դեմքերն անպայման ներկա լինեն, որովհետև մի մասը Հայաստանում չէ, բայց ակնկալում ենք, որ կհասցնեն և կգան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա պետք է հնարավորինս արագ կազմակերպվի»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խախտվել է ՀՀ ինքնիշխանությունը։ Ըստ նրա՝ Գորիս- Կապան ճանապարհի Որոտանի հատվածում կորցրել ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է, և այդ հարցով պետք է քրեական գործ հարուցված լինի։ Նա նշեց, որ ապասում են, որպեսզի գլխավոր դատախազը պատասխանի բոլոր հարցերին։
Հարցին՝ արդյոք իր համար պա՞րզ էր, թե ավելի վաղ ի՞նչ բանակցությունների արդյունքում թշնամին բացեց Գորիս-Կապան ճանապարհը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ տեղյակ չէ, և առաջին դեմքերի հետ հանդիպման նպատակը նաև այն է, որ այդ հարցերի պատասխանները ստանան։
«Իսկապես կարող է գործ ունենանք այնպիսի իրավիճակի հետ, որտեղ միջազգային հանրության առավել ակտիվ ներգրավվածությունն է պահանջվում, բայց քանի որ իշխանությունը գործում է ինքն իր մեջ պարփակված և միայն թշնամու հետ համագործակցության օրակարգով, մեզ համար այս պահին այդ պատուհանը բացելու անհրաժեշտություն կա»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է նիստ հրավիրել, որին կմասնակցի նաև ԱԱԾ տնօրենը։
«Հայաստան» խմբակցության անունից երեկ արդեն գրություն են ուղարկել։
Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» խմբակցությունը Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով քննարկում անելու պահանջով հանդես եկավ ՀՀ ԱԱԾ հայտարարությունից հետո։ Ըստ այդ հայտարարության՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։