Ամերիկացի կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնեն և Ջեքի Սփեյերն ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են առաջարկել, որոնք ուղղված են պատասխանատվության բարձրացմանը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի երեք բարձրաստիճան ներկայացուցիչներ փոփոխություններ են կատարել ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում, որոնցով 2022 ֆինանսական տարում զրոյացնում են Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոնեին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում իրենց գործընկերներին հնարավորություն են տվել քվեարկել նավթով հարուստ Ադրբեջանին օգնության զրոյացման օգտին»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա կարևորել է Արցախի ավելի քան 100 հազար բնիկ բնակչության էթնիկ զտման և հայկական տարածքի մի մասի շարունակվող օկուպացիայի ֆոնին Ադրբեջանին դաժան հակահայկական ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի ներքին կանոնների հանձնաժողովը կհավաքվի, որպեսզի որոշի, թե ինչ փոփոխություններ են քննարկվելու և ինչ կարգով, ինչը ճանապարհ կբացի ամերիկացի օրենսդիրների կողմից փաստաթղթի ամբողջական ընդունման համար։