ՀԱՊԿ անդամ երկրները օգնություն կտրամադրեն Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողներին այս մասին ասաց Պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:
Նա ընդգծեց, որ իրավիճակը Աֆղանստանում հատկապես մտահոգում է ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են և վերահաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումը: ՀԱՊԿ հարավային սահմաններին իրավիճակի սրման դեպքում Տաջիկստանին կտրամադրվի անհրաժեշտ ռազմական և դիվանագիտական օգնություն»,- ասել է Զասը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի ունեցավ պաշտպանության նախարարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Հանդիպումից հետո, ի թիվս այլ փաստաթղթերի, ընդունվեց «Աֆղանստանում իրավիճակի մասին» համատեղ հայտարարությունը: