44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էր ունենում հանգանակություն՝ ի աջակցություն բանակի։ Հետո այդ գումարի ճակատագիրը մեծ կասկածների առիթ տվեց։ Տեղի ունեցավ գումարների ուղիղ մուտքը բյուջե՝ 50 միլիարդ դրամից ավելի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց աուդիտ անցկացնել և ներկայացնել հասարակությանը գումարների ճակատագիրը, սակայն այդպես էլ հաշվետվությունը չհրապարակայնացվեց։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։
«Հոգաբարձուների խորհուրդն արձանագրել է, որ վատնումներ չեն եղել, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ՝ կարող եմ արձանագրել, որ աուդիտորոկան աշխատանքներ արվել են»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ չի կարող հիշել, թե արդյոք աուդիտի արդյունքները հրապարակվե՞լ են, բայց որևէ խնդրահարույց հարց չի հարուցվել։
«Եթե նույնիսկ հղում չանեմ, համոզված եմ, որ եթե նույնիսկ այդ աուդիտն իրականացնի աշխարհի ամենահայտնի և ամենավստահելի ընկերությունը, չի կարող որևէ չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողությունների մեջ։
Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ խոսքը նաև 52 միլիարդին էր վերաբերում, որը, ըստ հայտարարության, ծախսվել է ռազմական ուղղությամբ։ Նա նաև նշեց, որ իրենց դաշինքը քննիչ հանձնաժողովի ստեղծում է նախատեսում, համահայկական հիմնադրամի միջոցների ծախսման, դրանց արդյունավետության, օպերատիվության և ոլորտների ընտրության համար։ Գործընթացը շուտով կմեկնարկի։ Մամիջանյանը նշեց, որ կասկածներ կան, որ այդ գումարներն օգտագործվել են թոշակների, այլ անհրաժեշտ ծախսեր հոգալու համար, քանի որ բյուջեում գումար չի եղել։