ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տելեգրամյան ալիքներում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ Սյունիքի մարզի Ուխտասարի բարձունքը հանձնվել է Ադրբեջանին։
«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- Armenia Today-ին ասացին ՊՆ-ից։
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը Ուխտասարի բարձունքի հանձնման վերաբերյալ տեղեկությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց։
«Մենք չենք կարող մեկնաբանել, ԱԱԾ սահմանապահ զորքերից հարցրեք։ Մեզ թույլ չեն տալիս, որ տեղեկություններ հայտնենք։ Միայն ուժային կառույցներին դիմեք»,- ասաց Սյունիքի փոխմարզպետը և այլ հարցերի չպատասխանեց։
Իսկ Ազգային անվտանգության ծառայությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ կառույցին ուղղված մեր զանգերն անպատասխան մնացին։
Նշենք, որ, ըստ Տելեգրամ ալիքներում տարածված լուրերի՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանով Ուխտասարի բարձունքը հանձնվել է հակառակորդին։