Ռուսաստանը ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Որոտան գյուղի երկայնքով իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, հետագայում նաև սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի առաջարկներն այդ կապակցությամբ փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին։
«Մենք ակնկալում ենք արագ պատասխան ընդհանուր ուղեգծի ձևավորման համար։ Զուգահեռաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակենք մեր ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հունով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նաև ձեռնպահ մնաց Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ մեկնաբանություններից՝ նկատելով միայն, որ այդ առնչությամբ Մոսկվան իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է Բաքվին, որը ըմբռնումով է ընդունել այդ դիրքորոշումը։ Զախարովան չի մեկնաբանել նաև Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի գնդակոծությունները՝ առաջարկելով այդ կապակցությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն: