Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ավստրալիայից իր դեսպաններին անհապաղ հետ է կանչում այդ երկրների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ այդ երկրները հայտարարել են Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության գործընկերության ստեղծման մասին, իսկ Կանբերան Փարիզի հետ խզել է սուզանավերի մատակարարման պայմանագիրը:
«»Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ցուցումով ես կարգադրել եմ խորհրդակցությունների համար անհապաղ Փարիզ հետ կանչել ԱՄՆ-ից և Ավստրալիայից մեր դեսպաններին։ Այս որոշումը կապված է սեպտեմբերի 15-ին Ավստրալիայի և ԱՄՆ-ի կողմից արված հայտարարությունների բացառիկ լրջության հետ»,- հայտարարել է Լե Դրիանը։
Լե Դրիանի խոսքով՝ Ավստրալիան հրաժարվում է օվկիանոսային դասի ֆրանսիական սուզանավերի մատակարարման պայմանագրից ՝ հօգուտ ԱՄՆ-ի հետ գործընկերության:
«Դա անընդունելի վարքագիծ է դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններում»,- հայտարարել է նախարարը:
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության՝ aukus-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակներում Ավստրալիան ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ պատրաստվում է կառուցել առնվազն ութ ատոմային սուզանավ, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի 2036 թվականին, ինչպես նաև իր զինված ուժերը վերազինել ամերիկյան թևավոր հրթիռներով: Այդ պատճառով Կանբերան խզել է Ֆրանսիայի հետ իր պատմության մեջ խոշորագույն պաշտպանական պայմանագիրը. այնտեղ այդ որոշումն անվանել են «հարված թիկունքից»:
Հինգշաբթի Agence France-Presse-ը հայտնել է, որ ստեղծված իրադրության պատճառով Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատունը չեղյալ է հայտարարել Չեսապիկի ճակատամարտի 250-ամյակի՝ ԱՄՆ անկախության համար պատերազմի վճռական ճակատամարտի տոնակատարությունները: The New York Times թերթն իր հերթին հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած Ֆրանսիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպան Փարիզ կվերադառնա ժամանակից շուտ: