Այսօր Գյումրու տոնին մասնակցող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու թեմային:
«Դա եղել է իմ որոշումը, Անկախության 30-ամյակին նվիրված պետական համակարգի բոլոր աշխատակիցները ստանալու են այդ վճարը։ Եվ ես որոշում եմ կայացրել, որ Ազգային ժողովի աշխատակազմը, ինչպես նաև պատգամավորները նույնպես պիտի ստանան Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի հետ կապված վճարումները»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմիր խմբակցությունների կողմից պարգևավճարներից հրաժարվելուն, ասաց. «Եվ ես տեսել եմ, որ մեր ընդդիմադիր ընկերները նախ մի պահ հայտարարեցին, որ իրենք բյուջե են վերադարձնելու, հետո հայտարարեցին, որ իրենք ինչ-որ ծախսեր են անելու։ Ես կարող եմ ասել՝ իրենք որ իրենց մեջ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անել, ես վստահ եմ, իրենց մեջ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ՝ ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց վերանորոգելու համար։ Եվ սակարկել հերթական անգամ այդ որոշումը, տեղին չեմ համարում»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը երեկ հայտարարել էր պարգևավճարներից հրաժարվելու մասին: «Այն պայմաններում, երբ երկրում կան բազմաթիվ լուրջ սոցիալական խնդիրներ, կան ավելի քան 10 հազար վիրավորներ և հաշմանդամներ, պետական պաշտոնյաները, այդ թվում ՝ պատգամավորները, շարունակում են պարգևավճարներ ստանալ: Սա դատապարտելի է եւ անընդունելի », – ասել էր խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև ասել էր, որ խմբակցությունը այս գումարները կամ կվերադարձնի պետական բյուջե, կամ կուղարկի սահմանամերձ համայնքներ `համապատասխան ծրագրերի իրականացման համար: