Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում հստակ ասված է, որ ՀՀ-ն օրակարգ է բերում խաղաղության հարցը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Նա նշեց, որ խաղաղության քննարկման մեր օպոնենտները մեր հարևաններն են, որոնց հետ ունենք լարված հարաբերություններ։ Խնդիրը հասկանալու համար պետք է երկխոսել։
«Բնական է, որ խաղաղության մեր քննարկումը Եթովպիայի կամ Հարավային Կորեայի հետ չենք անցկացնելու, այլ նույն այդ հարևանների հետ»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչ դրական քայլերի էր սպասում Թուրքիայի նախագահ Էրդողանը ՀՀ իշխանություններից, Արսենյանն ասաց, որ դրական քայլերը Հայաստանի իշխանությունների կղմից արդեն արված են։ Իսկ թե որոնք են Թուրքիայի կողմից արված դրական ազդակները, Արսենյանը պատասխանեց․
«Թուրքիայի հայտարարությունների տոնն ու բովանդակությունն այլ է, քան մեկ տարի առաջ»։
Արսենյանի խոսքով՝ անկախության առաջին 20 տարիները ռեգրեսիվ տարիներ են եղել, սակայն 2018 թվականի հեղափոխությունը հնարավորություն է տվել հետ սահելու ընթացքը կանգնեցնել։