Այսքան ծանր հոբելյան երբեք չենք ունեցել, երբ ստիպված ենք փաստել, որ 30 տարի անց անկախության մեր հերոսական անցյալը մի զգալի մասով կորուստ է կրել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է ներկայացնել, թե այլևս ճգնաժամ չկա, դրանք ընտրություններով իբրև հանգուցալուծվել են, բայց իրականությունն այլ է։ Պատերազմը առաջացրել է ճգնաժամ։ Քանի դեռ իրական պատճառները չեն գնահատվել, իրականությունից խոսել հնարավոր չէ։
«Մեր հարևանների ախորժակները միշտ էլ մեծ են եղել։ Նրանք փորձելու են ավելին ստանալ։ Մենք չենք հասկանում, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում։ Այս ճանապարհը, որն առաջարկում են այս իշխանսությունները, նշանակում է՝ Հայաստանի թրքացում։ Տեսնում ենք՝ այս իշխանությունը խաղաղություն մուրալու է գնում, իսկ մուրալ դա մեկից, որ քո ոչնչացումն է ուզում, նշանակում է նվաստացած ապրել այս տարածքում՝ անունը կլինի Հայաստան, բայց Հայաստանից բան չի մնա։
Հայաստանը կորցնում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, միշտ հետաքրքրել է աշխարհին Արցախով և Սյունիքով, սակայն այսօր հետաքրքրություն այլևս չի ներկայացնում, քանի որ խոցված է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Armenia Today-ի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածաշրջանում խաղաղ դարաշրջան հաստատելուն փորձում են խոչընդոտել որոշ ներքաղաքական ուժեր, Արմեն Ռուսատմյանն արձագանքեց․ «Խաղաղություն մուրալուն, այո, խոչընդոտում ենք։ Մենք գիտենք, թե խաղաղություն մուրալը մեզ ուր է տանում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։