Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, հաղորդում է РИА Новости-ն: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Այս պաշտոնում Աղասանդյանը փոխարինել է Անդրեյ Շվեդովին:
Միքայել Աղասանդյանը 2015 թվականից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության փոխտնօրենն է: Նա համակարգել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությանը վերաբերող, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, պատժամիջոցների քաղաքականության, Բալկաններում հարաբերություններին վերաբերող հարցեր։