Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «դրական ազդակների» մասին:
«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որն անվանում էինք հինգ պլատֆորմ կամ վեց պլատֆորմ։ Այս կապակցությամբ, ներկայումս մենք դրական ազդակներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այս դրական մեսիջների հետ մեկտեղ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք այս հարցում։ Մենք հնարավորություն կստանանք բարելավել տարածաշրջանում խաղաղությունը և հասցնել այն լավ կետի»,- Էրդողանի խոսքերն են մեջբերում ադրբեջանական ԶԼՄ-ները:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ այդ հարցերը ներառված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա բանակցությունների օրակարգում՝ հայտարարելով, որ «դրանով ռուս-թուրքական հարաբերությունները նոր թափ կստանան»:
Էրդողանը նաև հայտարարել է, որ թուրքական Իգդիրից Ադրբեջան ճանապարհ կհարթվի։
«Այս ճանապարհի կառուցումը կարևոր քայլ կլինի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է հանդիպել, առաջարկը, ըստ Էրդողանի, փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Էրդողան հանդիպում չի նախատեսվում։