Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ սկսելու բանակցություններ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի վերաբերյալ՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, փոխանցում է ТАСС-ը:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքով: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք Հայաստանի կողմից մեր առաջարկին դեռ չենք տեսնում դրական արձագանք», – ասել է Ալիևը ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: Նրա ելույթը հնչել է ձայնագրված տարբերակով:
Ալիևի խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից: Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ համատեքստում տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կստեղծի «Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։
Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն»: Նրա խոսքերով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»: