ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը։ Օրակարգ է բերվել մի հարց, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական։ Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին։ ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից համապատասխան ընթացակարգով այս հարցի վիճարկում»,- նշեց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները։
«Արդեն 12-րդ օրն է՝ մենք պահանջել ենք ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում։ Մինչդեռ այս օրերին տեսնում ենք, թե ինչ լարված իրավիճակ է առաջանում։ Ոչ միայն Էրդողանի հետ սիրախաղերը, այլ նաև Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր պետության առաջնահերթությունը համարվող անվտանգության խնդիրների հետ»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը։
Նշենք, որ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերն են։
Նկատենք, որ համայնքների խոշորացումը միաձայն չի ընդունվում համայնքների կողմից։ Արդեն իսկ մի շարք համայնքներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։
Հիշեցնենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ ընդդեմ խոշորացման։
Գեղամասար խոշորացված համայնքը ցանկանում են միավորել Վարդենիսին։
Մանրամասները՝ տեսանյութում։