Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգել է պատերազմում զոհվածների հիշատակը և մաղթել լիակատար ապաքինում բոլոր վիրավորներին:
Այս մասին ասված է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ, որի տեքստը տեղադրված է ֆեյսբուքյան էջում:
«Մեկ անգամ ևս մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր հարազատներին, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին: Եվրամիությունը միշտ ձգտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ-ն պատրաստ է նոր հարաբերություններ զարգացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, տրամադրել մարդասիրական օգնություն, շարունակել աջակցել Հայաստանի վերակառուցմանը և երկրում իրականացվող բարեփոխումներին»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ, լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմի հետևանքով, որը տևեց 44 օր, Մարտակերտի շրջանի մի մասը, Հադրութի, Աղդամի, Շահումյանի և Լաչինի (բացառությամբ Լաչինի միջանցքի) շրջանները, Շուշի քաղաքը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, համաձայնագիրը նախատեսում էր ռուս խաղաղապահներ տեղակայել հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ և Ադրբեջանի վերահսկողության տակ թողնել Արցախի տարածքի մի մասը՝ ներառյալ Շուշի քաղաքը:
Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների և խաղաղ բնակիչների թիվը 3781 է: Մոտ 11 հազար մարդ վիրավորվել է: 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ անհետ կորել է: Ադրբեջանական գերության մեջ է 80 մարդ, 108 զինծառայող և քաղաքացիական անձինք վերադարձել են գերությունից: