Սա վերջին 105 տարիների ամենացավալի իրողությունն է, երբ մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք այսքան զոհեր, որոնք ամփոփված են Եռաբլուրում, որն ազգային միասնության միակ վայրն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ պատերազմում զոհված տղաների նահատակվելու իմաստն այն պետք է լինի, որ մենք չհաշտվենք ստեղծված իրողության հետ, ապրենք մտքով, որ մի օր անպայման մեր հաղթանակը պետք է տոնենք։
Թեև Մելքումյանը խիստ անընդունելի է համարում Թուրքիայի հետ ազդակների լեզվով խոսելու հնարավոր հետևանքները, սակայն կարծում է, որ պետք է ուղիներ գտնել կարճ ժամանակահատվածում ուժեղանալու։ Առայժմ նա այդպիսի միտում ու հնարավորություն չի տեսնում, ողջամտությունից հեռու է նաև Խորհրդային Միության քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելը։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ, լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմի հետևանքով, որը տևեց 44 օր, Մարտակերտի շրջանի մի մասը, Հադրութի, Աղդամի, Շահումյանի և Լաչինի (բացառությամբ Լաչինի միջանցքի) շրջանները, Շուշի քաղաքը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, համաձայնագիրը նախատեսում էր ռուս խաղաղապահներ տեղակայել հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ և Ադրբեջանի վերահսկողության տակ թողնել Արցախի տարածքի մի մասը՝ ներառյալ Շուշի քաղաքը:
Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների և խաղաղ բնակիչների թիվը 3781 է: Մոտ 11 հազար մարդ վիրավորվել է: 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ անհետ կորել է: Ադրբեջանական գերության մեջ է 80 մարդ, 108 զինծառայող և քաղաքացիական անձինք վերադարձել են գերությունից: