«Ժողովուրդ» օրաթեթը գրում է. «Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 70 հազար 44 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 37 հազար 861 դրամ` ամսական կտրվածքով: Մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունն այսօր, ըստ էության, վերջնականապես կփակի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Բանն այն է, որ փոխնախագահի ընտրության հարցից բացի, այսօրվա նիստի օրակարգում ներառել են նաեւ «հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ հանձնաժողովի նիստը վարողի ընտրության» հարցը։ Որպես կանոն, հանձնաժողովի նախագահի բացակայության պայմաններում նիստը վարում է փոխնախագահը, հետեւաբար, հիշյալ հարցի ներառումն օրակարգում նշանակում է մի բան, որ ՔՊ-ն չի պատրաստվում «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանին ընտրել փոխնախագահի պաշտոնում եւ, ըստ էության, փոխնախագահ է ընտրելու, որպեսզի անցնեն մյուս հարցերի քննարկմանը»։
«Իրավունք» թերթը գրում է. «Պատերազմից մեկ տարի անց ցավը որեւ կերպ չի մեղմվել, ողջ գիշեր Եռաբլուրում եմ եղել, ցավ եմ ապրում, որ մեր կողքին սեւազգեստ մայրերի քանակն այսչափ ավելացավ, ցավը մեծ է, կորուստն` անդառնալի: Ճակատագիրը կրկին մայրերին սեւ հագցրեց»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Ըստ Մարգարիտա Խաչատրյանի` սեպտեմբրի 21-ին տեղի ունեցած գունագեղ միջոցառումն իսկական խայտառակություն էր: «Ես ինչպե՞ս կարող էի մասնակցել այդ միջոցառմանը, չէր կարող այդպիսի բան լինել: Ի՞նչն էին տոնում սեպտեմբրի 21-ին, արյան գնով ձեռքբերված եւ տանուլ տված անկախությո՞ւնը: Ի՞նչ տոնակատարություն, դուք հայրենիքը հանձնել եք թուրքին»:
«Փաստ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց ուղիղ ութ ամիս: Հիշեցնենք, որ նա ժամանակին համակարգից խայտառակ ձևով հեռացվել էր և նույնիսկ աստիճանազրկվել: Սակայն Նիկոլ Փաշինյանը վերականգնեց նրա կոչումը, չնայած բանակում շատերը վստահ էին ու հիմա էլ վստահ են, որ 2002 թվականի որոշումը միանշանակ ճիշտ էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մտածում է նրան նոր պաշտոն տալու մասին: Քննարկվող տարբերակներից մեկը նրան ՀԱՊԿ-ում «տեղավորելն» է, որի նախագահությունը օրերս ստանձնեց Հայաստանը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանը ցանկանում է ստանալ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Նրա «փափագի» մասին տեղյակ են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում, և նման հնարավորությունը ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները նկատել են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը զենք է կրում։ Դա հատկապես նկատել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ: Ինչից կամ ումից է վախեցած երբեմնի սիրված դերասան, այսօր իշխանություններից «տարանջատված» Մարությանը, մեզ պարզել չհաջողվեց․ նրա խոսնակը, սովորության համաձայն, գրավոր հարցում պահանջեց։ Սակայն Մարությանի մոտ վերջին շրջանում անվտանգության հետ կապված պարանոյիկ տրամադրությունների մասին խոսում են նաեւ նրա շրջապատում, օրինակ, որ նա հիմա կենտրոնի իր բնակարանում գրեթե չի բնակվում, տեղափոխվել է Ավան թաղամասի մեկ այլ բնակարան։ Մարությանը, ըստ էության, իրեն ապահով չի զգում առանց իշխանական թիմի»։