«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովն անգործության է մատնված, որևէ անվտանգային հարց չի քննարկվում։
«Թշնամու սադրանքները չեն դադարում, սահմանի ողջ երկայնքով մեր առաջնագիծը կահավորված չէ, իսկ պաշտպանության հանձնաժողովում երկու ամսվա ընթացքում միակ հարցը, որ քննարկվել է, սակայն այդպես էլ եզրահանգման չենք գալիս, դա հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է: Երկու ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերի օրակարգ չի բերվել պաշտպանական, անվտանգային բնույթի որևէ նախագիծ»,- հայտարարեց պատգամավորը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց, որ հանձնաժողովն իրականացնում է իր լիազորությունները՝ ըստ նախատեսված օրակարգի:
«Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա հարկադրված կլինենք առաջարկել խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին իրավական լուծում պետք է տալ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։ Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը: