«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանի հրահանգով ԱՀ իրավապահները լծվել են Խանումյանի մասնակցությամբ կոռուպցիոն պատմության բացահայտման գործին, ինչը նախագահը չի թաքցնում: Նեղ շրջապատում նա ասել է, որ գործընթացին ստոպ չի տալու․ ժամանակին ընդդիմադիր Խանումյանն իրեն պատեհ-անպատեհ կոռուպցիոներ էր անվանում, հիմա հանրությունը թող տեսնի, թե ով է իրական կոռուպցիոները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն է ուզում կառավարությունում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ուզում են վերջնականապես փակել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հավակնությունների հարցը եւ որոշել են դա անել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններով` սահմանափակելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն անձի առաջադրումը։ Նույն թեկնածուին հնարավոր կլինի առաջադրել, դիցուք, միայն 3 անգամ։ Գործող կանոնակարգով՝ սահմանափակում չկա, եւ ընդդիմությունը կարող է իր թեկնածուին 5 օրը մեկ առաջադրել: Իսկ այս փոփոխությամբ իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել թեկնածուին եւ առաջադրել նրան, ում ինքն է ուզում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը եւ Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար: ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում է, որ ՀՀ մարզերի բուժհաստատություններում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը, իրականությունը միանգամայն այլ է: Այո, դա ճիշտ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած»։