«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, հեռացել է ՀԴԿ-ից: Որպես պատճառ Արզաքանցյանը նշել էր Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հայացքները: Նա ասել էր, որ թեև ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն եղել, սակայն որոշակի «պայմանավորվածություններ են խախտվել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի հոկտեմբերի 17-ի ընտրություններում կարող է կրկնվել 2018-ի Աբովյանի պատմությունը, երբ ՔՊ-ականներ Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի հակասությունների պատճառով իշխանական ռեսուրսը չմոբիլիզացվեց, արդյունքում պարտվեց ՔՊ-ական թեկնածուն։ Այստեղ էլ գրեթե նույն վիճակն է։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ Արմեն Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունում ներքին քննարկումներ են ընթացել զինվորական դատախազի առաջին տեղակալի նշանակման մասով։ Բանն այն է, որ նախկին զինվորական դատախազի առաջին տեղակալին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրա եղբայրը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, որի առնչությամբ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել. գործարանի բաժնետերերից է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կկայանա Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության համագումարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարին ուշագրավ անակնկալներ են սպասվում: Ընդ որում, մեր աղբյուրի խոսքերով, այնպիսի անակնկալներ ու բացահայտումներ, որոնք, ինչպես ասում են, «ցնցելու են ողջ համացանցը»: Մեր զրուցակցի խոսքերով, քաղաքական լուրջ «պայթյուններ» են սպասվում, և այդ համագումարը հավակնում է դառնալ հետընտրական շրջանի ամենասուր քաղաքական իրադարձությունը: Մենք դիմեցինք Տիգրան Ուրիխանյանին՝ հարցնելով. «Ճի՞շտ է, որ ձեր համագումարով պատրաստվում եք ցնցել համացանցը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թեւի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: Բանն այն է, որ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինս էլ, բնականաբար, ընդունել է հրավերը եւ մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել:
Անգամ այնպիսի պատգսմավորներ են ընդգրկվելու պատվիրակության կազմում, որ ռուս-հայկական հարաբերությունները ջերմացնող ոչինչ չեն արել՝ հակառուսական դիրքորոշումներով հայտնի իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ռուսական հարաբերությունների ջերմացման հարցում որեւէ «գործ» չարած Արուսյակ Ջուլհակյանը, Անդրանիկ Քոչարյանը, նախկին լրագրող-պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արթուր Հովհաննիսյանը: ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին եւս հնարավոր է Սիմոնյանը ընդգրկի պատվիրակության կազմում»: