ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում կայացած շփումների կարևոր արդյունքներից մեկն այն է, որ երկու կողմերը համաձայնություն են տվել եռանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին, որպեսզի շարունակեն աշխատել տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ուղիների որոնման ուղղությամբ:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։
Նա հիշեցրել է դրական միտումների խրախուսման և ամրապնդման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին։ Այցի ժամկետների և մանրամասների մասին համանախագահները կտեղեկացնեն այն ժամանակ, երբ հարկ կհամարեն։
Զայցևն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ սգո միջոցառումներ են տեղի ունեցել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում:
«Մենք կիսում ենք հակամարտության երկու կողմերից բոլոր զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը։ Ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները հուսալի երաշխիք են ապագայում նման ողբերգական իրադարձություններ թույլ չտալու համար: Տարածաշրջանում իրավիճակի կայունացման իր ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է եռակողմ պայմանավորվածություններից բխող խնդիրների լուծման, բոլոր ուղղություններով առաջ շարժվելու վրա։ Շարունակում ենք հայ ռազմագերիներին ազատ արձակելու աշխատանքները՝ ականապատ դաշտերի քարտեզներ ներկայացնելու դիմաց։ Համոզված ենք, որ այդ հանգամանքների շուտափույթ և վերջնական վերացումը կհանգեցնի Երևանի և Բաքվի հարաբերությունների առողջացմանը», – հայտարարել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարևորել է փոխընդունելի հանգուցալուծումների որոնումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամությունը, դրանց փուլային կարգավորումը:
«Մեր աշխատանքում մենք կենտրոնանում ենք հենց նման դրական պահերի վրա։ Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով: Մեր կողմից նշում ենք փոխադարձ ընդունելի փաթեթային պայմանավորվածությունների հասնելու Երևանի և Բաքվի դրական տրամադրվածությունը, ինչը հետագայում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել նախագծային համագործակցության հարթություն»,- ասել է Ալեքսեյ Զայցևը:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է ԵԽԽՎ ընդունած «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևին։ Այդ փաստաթղթի նախապատրաստման ընթացքում ռուսական պատվիրակությանը դիմումներ են ստացվել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից։
«Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել այն փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները ակնհայտորեն հակասություններ են առաջացրել կողմերի մոտ։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է: Ռուսական կողմից ձեւակերպվել և քննարկման են ներկայացվել համապատասխան բանակցային գործընթացի գործարկման ապահովման վերաբերյալ առաջարկները: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- հայտարարել Է Ալեքսեյ Զայցևը։