«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ «Վեոլիա ջրի» հայտը։ Նախատեսվում է ջրի սակագինն ավելի քան 40 դրամով բարձրացնել: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով ջրի սակագնի հնարավոր թանկացման ազդեցությանը, «Փաստի» հետ զրույցում նշեց. «Մենք հարկերով, նաև մասսայական սպառման ենթակա ապրանքների գնաճով անընդհատ ծանրաբեռնում ենք բնակիչներին: Ջրի սակագնի բարձրացումը աղքատության ավելացմանն է հանգեցնելու: Երբ մարդու տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բայց ծախսերն ավելանում են, հետևանքը աղքատության ավելացումն է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը գրություններ է ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ՌԴ։ Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որտեղ 24 հայի անուն կա՝ տարբեր երկրների քաղաքացիներ։ Մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ եւ Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարդոյանը, հետախույզ Վովա Վարդանովը, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, եւ այլք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 26 մլն 580 հազար 400 դոլար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 11 մլն 44 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 118 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ստցվել է 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկել է 99 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Բենիամինյանը: Սակայն նա անգործ չի մնա, կադրային փոխատեղումով՝ նշանակվելու է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը կնշանակվի քաղաքապետի ԺՊ, որպեսզի մինչեւ նոյեմբեր կարողանա վարչական լծակները հավաքել ձեռքում եւ հաղթել ընտրություններում: Ըստ լուրերի, հենց նա է լինելու Արտաշատի շրջանի ՔՊ թեկնածուն։ Քաղաքապետի պաշտոնից հեռացող Բենիամինյանը երեկ ավագանու արտահերթ նիստ է հրավիրել եւ նիստի ժամանակ չի թաքցրել, որ աշխատանքը շարունակելու է պետական ապարատում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել եւ մեղավոր անձանց շրջանակը պարզել: Ասել է թե՝ ԱԱԾ-ն շունչը պահած սպասում է, թե երբ երկամսյա կալանքի տակ գտնվող Տոնոյանը ցուցմունք կտա»: