Իրանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, հոկտեմբերի 4-ին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցը՝ ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Միրզոյանի այցը Թեհրան նախապես ծրագրված էր, և այն ուղղված է երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ընդլայնմանը:
«Թեհրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ, և Իրանի հարաբերությունները մի երկրի հետ չեն հակասում մյուսի հետ հարաբերություններին, քանի որ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ներառական մոտեցման վրա», – ասել է Խաթիբզադեն:
Նա նաև մեկնաբանել է Ադրբեջանի տարածքում և Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության մասին հաղորդագրությունները: «Մենք այս մասին հաղորդագրություններ ստացանք պատերազմի առաջին իսկ օրերից և շարունակում ենք ստանալ այսօր: Եվ մենք այդ հաղորդագրությունները կիսում ենք Բաքվի մեր ընկերների հետ: Նրանք տարբեր հանդիպումների ժամանակ հայտարարում են, որ այլ երկրների համար սպառնալիք չկա»,- ասել է Խաթիբզադեն: