Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, բացման խոսքում Սերգեյ Լավրովը գոհունակությամբ նշել է, որ Ալեն Սիմոնյանը, որպես Հայաստանի խորհրդարանի ղեկավար, իր առաջին այցը կատարել է Ռուսաստանի մայրաքաղաք:
«Սա արտացոլում է մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը, ռազմավարական գործընկերությունը: Գիտեմ, որ Դուք ունեք հարուստ այցելությունների ծրագիր, որը մեր հարաբերություններում ձեռք բերված մակարդակի դրսևորում է: Ռուսաստանում հենց նոր տեղի են ունեցել Պետդումայի ընտրություններ:
Այն սկսում է լիարժեք գործել օրեցօր, ներառյալ բոլոր համապատասխան հանձնաժողովների կազմերը: Սա թույլ կտա վերսկսել լիարժեք համագործակցությունը նաև խորհրդարանական գծով»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուսական կողմին Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել Լավրովին Հայաստանի համար դժվարին պահին Ռուսաստանի աջակցության համար: «Ես գիտեմ, որ աշխատանքները շարունակվում են: Շատ շնորհակալ եմ անձամբ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա: