ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Դեսպան Կոպիրկինը նախ շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ընդգծել՝ որ ՏԿԵ նախարարության հետ լավ աշխատանքային հարաբերություններ կան, նախարարությունը կարևոր դեր է խաղում և վերջինիս տիրույթում գտնվող ոլորտները հանդիսանում են երկկողմ համագործակցության լայն շրջանակ։
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը, ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքին։
Կողմերը կարևորել են նաև միջռեգիոնալ համագործակցությունը՝ այդ կոնտեքստում ընդգծելով հոկտեմբերի 18-19-ին Երևանում նախատեսված միջռեգիոնալ ֆորումի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՏԿԵՆ-ի՝ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող ամենատարբեր ծրագրերի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրում ռուսական կողմի մասնակցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացումից հետո սահմանամերձ համայնքներում կյանքն էապես կարող է փոխվել։
Դեսպան Կոպիրկինն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի զարգացմանն աջակցելու տեսանկյունից Հայաստանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ուշադրության կենտրոնում, և այն ծրագրերը, որոնք իրականացվում են՝ միտված են հենց այդ նպատակին։