«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ Աբովյանում անցկացրել է Աբովյանի տարածաշրջանի ՔՊ-ականների, համակիրների, ակտիվիստների ու, այսպես կոչված, «ձայն բերողների» բավականին ընդլայնված հավաք: Ի թիվս այլ հարցերի, իշխանական ուժի ներկայացուցիչներն ու մարզի «մերձիշխանականները» քննարկել են առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊԿ-ի մասնակցության հարցը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյանը դեմ է եղել նման համաշխարհային աղմուկ բարձրացնելուն եւ ՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները ներքին քննարկումներում հասկացել են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն այս պահին կարող է իրենց դեմ շուռ գալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ իր իշխանությանը չի հաջողվելու Երեւանի ավագանու ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովել: Իշխանությունները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փորձել են տրամադրվածությունը պարզել իշխանության հանդեպ, ու պարզվել է, որ հնարավոր է՝ անգամ պարտվեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բալասանյանը հայտնվել է իրավապահների թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կարծես թե իշխանությունները որոշել են բացահայտել իրենց կողմից շատ սիրված նախկինների կոռումպացված լինելու փաստերը ու դրանց տալ հանրային խիստ արձագանք: Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ իշխանական ներկայացուցիչների սեղանին դրված են աղմկահարույց գործեր, որոնցից մեկը վերաբերում է Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ ական Սամվել Բալասանյանին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Այդ ազատման «քավորը» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է․ համալսարանը ենթարկվում է ՊՆ-ին։ Մեզ պատմեցին, որ նախարարի վերջին այցն ակադեմիա խաղաղ չի անցել՝ կոնֆլիկտ է առաջացել նրա եւ աշխատակազմի միջեւ, քանի որ նախարարն ինչ-ինչ անհնարին պահանջներ է ներկայացրել ինստիտուտի աշխատակազմին: Նրան հիշեցրել են, որ ինքը համակարգի երկարամյա ծառայող է եւ համալսարանի խնդիրների մասին պետք է որ լավ իմանար»։