ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց։
Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները քաղաքական հրահանգ են ստացել իրենց ղեկավարից իր թեկնածությանը դեմ քվեարկելու։
«Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին, ինքներդ քննարկեք ու որոշեք։ Իմ մասնակցությունը նպատակահարմար չէ»,- հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուն։
Նկատենք, որ հինգ նիստ էր տեղի ունեցել, որոնց ընթացքում իշխանությունը չի ընտրել ընդդիմության թեկնածուին։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։ Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը։