Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութան ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա համոզմամբ՝ այս առումով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի և՛ երկրի անվտանգության համակարգի ձևավորման, և՛ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու հարցերի շրջանակներում։
Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ Վարչատարածքային օրենքով սահմանված դրույթները հիմք չեն մեր պետական սահմանները ճշտելու համար։
«Եթե իշխանությունները բանակցային և անվտանգային հարցերով փորձ ունենային, նրանք պետք է հասկանային, որ հակառակորդը՝ թուրք- ադրբեջանական տանդեմը, շատ դժվարությամբ է հետ քաշվելու այն վայրերից, որտեղ կանգնած են իրենց զինվորները։ Մենք պետք է կանգնեինք այն վայրերում, որտեղ պատերազմն ավարտվել է»,- նշեց նա։
Պատգամավորի համոզմամբ՝ այս իրավիճակում խաղաղության պայմանագրի հաստատումը, նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը մեծ հարված կլինի Արցախին։
Սեյրան Օհանյանի կարծիքով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալությունը շոու կազմակերպելու փորձ է։
«Ե՛վ Դավիթ Տոնոյանը, և՛ զինված ուժերի գեներալիտետը, որոնք ընդգրկված են այդ գործում, նրանք բոլորն էլ չեն խուսափել, եթե ծանուցում ստանային, հանգիստ կերպով կգնային ԱԱԾ: Ավելորդ խուզարկությունները, ավելորդ հռետորաբանությունը… ընդհանուր առմամբ այս իրավիճակում և վերջին տարիներին բանակի նկատմամբ հռետորաբանությունը»,- տեսակետ հայտնեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Տոնոյանի փաստաբանը, ՊՆ նախկին նախարարը կալանքի տակ կմնա 2 ամիս: Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։