«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 10-ից 20 հազար դրամ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-ից 120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ տնտեսվարողներն այս թեմայի շուրջ զանգեր են ստանում եւ նախազգուշացվում, որ հոկտեմբերի 14-ից աշխատակիցները պետք է ունենան պատվաստման եւ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատ, հակառակ դեպքում կտուգանվի գործատուն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաեւ Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա վստահ է, որ վայելում է համայնքի աջակցությունը, եւ, մեր տեղեկություններով, փաստաբանին կատակով խնդրել է մինչեւ ընտրությունները ջանքեր չգործադրել իրեն ազատելու ուղղությամբ, որպեսզի իշխանություններին ապացուցի, որ «նստած էլ կհաղթի»։ Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ մինչեւ հոկտեմբերի 14-ը գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը։ Քաղաքացիների զգալի մասն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, պատվաստվել է, իսկ մի մասն էլ կփորձի թեստավորման միջոցով խուսափել պատվաստումից։ Թվում էր՝ ամսական ընդամենը 2 անգամ թեստ հանձնելով՝ հնարավոր կլինի խուսափել պատվաստվելուց, բայց, արի ու տես, մեր քաղաքացիներն ահռելի նյութական վնասներ են կրելու»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամեն ինչ արել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հայաստանյան պատվիրակության կազմում` իր գործընկերների հետ, մեկնի Ստրասբուրգ, մասնակցելու ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, սակայն դատարանն արգելել է պատգամավորին Հայաստանից հեռանալ։ Հայտնի է` Արմեն Գեւորգյանն անցնում է քրեական գործով, եւ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Մենք անդրադարձել ենք այս խնդրին, որ ընդդիմադիրները զրկվում են գործուղումների մեկնելուց»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցել է գրեթե երկու ամիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատումից, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Մեկուկես ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։ Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, եւ ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների եւ ԱԱԾ-ի միջեւ: Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչեւ այժմ նրա փոխարեն որեւէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին»։