Պատերազմում ամեն ինչի մեղավորն ու պատասխանատուն ես եմ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին պնդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։
Վարչապետն ասաց, որ իրեն մեղավոր է համարում նաև 2018-ից հետո բանակը կոռումպացված տարրից չազատելու համար։
Փաշինյանի խոսքով՝ ինքը եղել է Ստեփանակերտում ու հրավիրել է խորհրդակցություն, լսել է մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ:
«Հնչել են առաջարկներ, ես էլ խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին»,- ներկայացրեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ Լելե Թեփե օպերացիա հասկացություն չի եղել, այդ հետո է շրջանառվել՝ պրոպագանդիստական նկատառումներով։
«Իբր, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա, դա կատարյալ անհեթեթություն է»,- ընդգծեց նա և նկատեց, որ ընդդիմությանն ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում, և խորհրդարանական ընտրությունները դրա մասին են վկայում։
«Լելե Թեփե հասկացությունը ձեր մտացածին քարոզչական, կներեք արտահայտությանս, հնարքներն են, որոնց սնանկությունը ընտրություններով երևաց»,- եզրափակեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։