Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն հոկտեմբերի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ինչպես հաղորդվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում, թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հուշահամալիրի պատմությունը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Անն Լույոն ծաղկեպսակ դրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Տիկին Լույոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա այցի ավարտին եղել է նաև թանգարանի պատկերասրահում, որտեղ ներկայացված է «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրությունը:
Շնորհակալություն հայտնելով տիկին Անն Լույոյին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է ՀՑԹԻ վերջին հրատարակություններից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան առաջինն էր խոշոր եվրոպական երկրներից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը ճանաչեց որպես ցեղասպանություն: 2019 թվականի ապրիլի 24 -ին Ֆրանսիայում նշվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջին համաազգային օրը: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը ծաղկեպսակ դրեց Սենայի աջ ափին գտնվող ցեղասպանության հուշահամալիրին:
Ֆրանսիան դարձավ նաև առաջին երկիրը, որն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: