Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է.
«Կարծում եմ՝ հատկապես մեր պետության զարգացման այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, նորից ու նորից պիտի ընդգծենք պետական ինստիտուտների կայացման և զարգացման անհրաժեշտությունը: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ ընդգծել իրավակարգի ապահովման մարմինների աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացումը, որը շրջադարձային և առանցքային նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և մարտահրավերների կառավարման առումով: Այս իմաստով մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ:
«Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա:
Քննչական կոմիտեն քաղաքական որևէ բնույթի գործունեություն կամ ներգրավվածություն չի ունեցել: Խոսքն այն մասին է, որ շատ դժվար և խառը ժամանակներում մեր իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը: Չնայած ակնհայտ է, որ նաև իրավակարգն ապահովող մամինները չէին կարող չազդվել. էմոցիոնալ մակարդակից սկսած և միջավայրային ազդեցությունները նույնպես հաշվի առնելով՝ ուղղակի չէին կարող այդ ամենից չազդվել:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով: