«Հրապարակ» թերթը գրում է. «Երեքշաբթի «Հայաստան» դաշինքը կրկին ծանր մարտեր կմղի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար։ Դաշինքը յոթերորդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը եւ կփորձի նվաճել այդ «ռազմավարական նշանակության բարձունքը»։ Կասկած չկա, որ իշխանությունն ամեն ինչ անելու է այն անառիկ պահելու համար, քանի որ երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ՔՊ-ի թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ չեն ընտրելու նրան, քանի որ Ղազինյանը բանակում չի ծառայել։
Քանի դեռ ԱԺ կանոնակարգ օրենքը չեն փոխել եւ չեն սահմանափակել անընդհատ նույն թեկնածուին առաջադրելու հնարավորությունը, «Հայաստան» դաշինքը կարող է անսահմանափակ անգամներ առաջարկել նույն թեկնածուին: Բայց կարող է նաեւ փոխել: Դաշինքի մեր աղբյուրներն ասացին, որ չեն փոխելու: Այլ թեկնածու չկա՞, թե՞ սկզբունքի հարց է։ «Նման հարց ընդհանրապես չենք քննարկել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բժշկական ոլորտում հանցախումբ է հայտնաբերել. կեղծ տեղեկանքներ են տրվել մարդկանց, իբրև COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ է, բայց իրականում պատվաստում չի արվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն տարբեր բժշկական կենտրոններում, այդ թվում՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտնաբերվել դեպքեր, որտեղ բժիշկները տվել են պատվաստումները հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
Այսինքն՝ երբ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պատվաստումների համար հիմնարկների պատասխանատուները պատասխանատվություն են կրում, նշանակում է, որ և՛ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, և՛ ՍԳԼ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Դումանյանը պատասխանատվություն են կրում «ֆեյք» պատվաստումների համար: Հիշեցնենք, որ Արտակ Դումանյանը բոլորովին վերջերս ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակվել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին Կապանում սպասվող ՏԻՄ ընտրությունները, ըստ ամենայնի, նորից վերածվելու են սեւերի եւ սպիտակների պայքարի։
Տեղեկացրել էինք, որ ՔՊ թեկնածուն 29-ամյա Դավիթ Դանիելյանն է՝ նկարչի մասնագիտությամբ, այժմ գործող պատգամավոր եւ միաժամանակ Գեղարվեստի ակադեմիայի ուսանող, իսկ գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ըստ ամենայնի, կդառնա նախկինների միասնական թեկնածուն։ Չնայած նա որոշում է կայացրել առաջադրվել Շահեն Հարությունյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակով, բայց նրան սատարում են նաեւ ՀՀԿ-ականները, քոչարյանականները, Վահե Հակոբյանի կուսակցությունը, ինչպես նաեւ դաշնակցականները»։
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» ժամանակ առաջ նշել էր, որ Փաշինյանը ցանկանում է միանգամից փոխել մեծ թվով ՀՀ դեսպանների, որոշ տեղեկություններով՝ նույնիսկ գրեթե բոլորին: Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, նրան ուղիղ կերպով հասկացրել են, որ նման կերպ արտաքին հարաբերությունների պես փխրուն ու զգայուն ոլորտի հետ չեն վարվում, քանի որ հնարավոր չէ միանգամից ազատել այդքան մեծ թվով պրոֆեսիոնալ ու փորձառու դիվանագետների և նոր պրոֆեսիոնալներ գտնել ու նշանակել։ Ընդհանրապես, կադրային խնդիրը լուրջ հարց է դարձել իշխանությունների համար ոչ միայն այլ ոլորտներում, այլև նույնիսկ ԱԳՆ-ում: Ասվածի վառ օրինակ է այն հանգամանքը, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում ԱԳ փոխնախարարներ նշանակել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար բանակցություններ են ընթանում: Հայտարարությունն արվել էր կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու հարցի շրջանակում․ ««Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին․․․Այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, արդեն իսկ բանակցություններ են սկսվել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»։
Փորձագիտական շրջանակներում վստահ են, որ նոր ատոմակայանի մասին հայտարարությունը հերթական քարոզչական փուչիկն է, այլապես դեռեւս 2020-ի հունիսին Հայաստանը չէր հրաժարվի ատոմակայանի վերազինման ռուսական վարկից»։