Այժմ շատ կարևոր է հայ ժողովրդի պատմության ոչ վաղ անցյալի էջը շրջել առաջ գնալու համար:
Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ Հայաստանի երիտասարդ քաղաքական թիմի կարևորագույն խնդիրներից մեկը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, թեկուզ փոքր քայլերով, բայց դեպի խաղաղություն և խաղաղ համակեցություն շարժվելը: Պատերազմը, ըստ բանախոսի, ոչ ոքի օգուտ չի տալիս, դրանում հաղթողներ և պարտվողներ չկան:
«Չի կարելի հաղթանակ համարել իրավիճակը՝ նկատի ունենալով զոհերին Հայաստանում և Ադրբեջանում, քանի որ տղաներին ետ բերել չի լինի», – ասել է Սիմոնյանը: Նա նշել է, որ Բաքուն պարզապես օգտվեց իրավիճակից անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսի համավարակը, սահմանները փակ էին: Բայց սա ոչ միայն պատերազմ էր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև, այլև շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում: Հետխորհրդային տարածքում Թուրքիան սկսել է շատ ակտիվ գործունեություն ծավալել. այն Ադրբեջանի հետ հրահրում է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, ասել է Սիմոնյանը:
«Նրանք հրահրում են բոլորին: Եվ սա շարունակվում է արդեն մի քանի ամիս», – նկատել է բանախոսը: Հենց այս համատեքստում Սիմոնյանը դիտարկում է Հայաստանի և Իրանի սահմանների մոտ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև Բաքվի և Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունների աճող լարվածությունը: Նրա խոսքով՝ գրեթե ամեն ամիս Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում, հաճախ՝ հայկական տարածքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Ըստ ԱԺ նախագահի՝ ծայրահեղ դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի իրավիճակում, երբ, օրինակ՝ Բաքվում, այսպես կոչված, «պատերազմական ավարների պուրակներ» են բացվում, ներկայացվում են զոհված հայ զինվորների մանեկենները: Ադրբեջանի ապակառուցողական լինելը դրսևորվում է նաև հայ ռազմագերիների նկատմամբ, որոնք պետք է շտապ վերադարձվեն հայրենիք:
«Ադրբեջանցի զինվորները գտնվում են Հայաստանի տարածքում: Մենք առաջարկեցինք զորքերը հայելային ետ տանել՝ սահմանները պարզելուց առաջ, սակայն ադրբեջանական կողմը չարձագանքեց այս առաջարկին», – ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների պատճառով Հարավային Կովկասում նոր պատերազմի ռիսկերը պահպանվում են: .