Պետք է հանրությանը ներկայացնել՝ ինչու է կարևոր պատվաստվելը։ Այս ուղղությամբ հանրության հետ պետք է քաղաքակիրթ հաղորդակցություն վարել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ իրենք դեմ չեն պատվատումներին, պարզապես այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված որոշումը։
«Ինչպե՞ս է ստացվում, որ «խաղաղության օրակարգ» ձևավորելու, թշնամուն թշնամի չասելու մանդատ ստացած իշխանությունը չի կարողանում վստահություն վայելել հանրության մոտ՝ պատվաստումների հետ կապված հարցում։ Կարող եմ ասել, որ այն վստահության մակարդակը, որն իրենք փորձում են ներկայացնել, չունեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Վարդևանյանն ուսումնասիրել է պատվաստումների Դանիայի փորձը։ Նրա ներկայացմամբ՝ Դանիայում անհամաչափ, ոչ իրավաչափ, հակասահմանադրական միջոցներով մարդկանց չեն ստիպել կամ հարկադրել, որ պատվաստվեն, այլ ճիշտ կոմունիկացիա են իրականացրել, մինչդեռ Հայաստանում հանրության հետ խոսում են սպառնաիլքների լեզվով։
«Հայ ժողովրդի հետ հարկադրանքով չեն խոսում։ Ի վերջո, խոսում ենք այն իշխանության մասին, որը միշտ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բա որ ժողովրդին է պատկանում, ո՞նց ես ասում կձերբակալենք, կկալանավորենք։ ՀՀ բոլոր քաղաքացիներին պետք է հորդորել, որ պատվաստվեն, բայց ասել, որ եթե չպատվաստվեն, աշխատանքից պետք է հեռացնել, դա ոչ թե իրավաչափության սահմաններից է դուրս, այլ մուտք է գործում քրեաիրավական տիրույթ»,- նշեց նա։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը պատվաստման հարկադրանքը վիճարկել է ՍԴ-ում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի մեկից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, որի համաձայն՝ աշխատողը 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեի ՊՇՌ բացասական թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել պաստվաստման ցածր ցուցանիշների վերաբերյալ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել էր, որ Հայաստանի բնակչության միայն 14 տոկոսն է պատվաստման առաջին դեղաչափը ստացել։