Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիտինա Մարկուս Լասսենը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։