ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը նամակ են ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ:
«Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1.Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավարևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
2.Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ:
Ըստ նամակ-պահանջի՝ արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
«1.ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր:
2. ՀՀ արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն, թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունն այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր:
3. ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ:
4. ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:
Հանձնաժողովի վերոնշյալ անդամների խոսքով՝ ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձանց:
«ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտավոր Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ նիստ և երաշխավորել նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին»,- ընդգծել են պատգամավորները: Հանձնաժողովի 4 անդամները նաև հայտնել են, որ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը՝ նիստը նախատեսում են անցկացնել դռնբաց ռեժիմով և չեն ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում: