Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կքննարկեն Ղարաբաղի հարցը։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Milliyet-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով։ Մեր համագործակցությունը նաև առեւտրի, պաշտպանական, արդյունաբերության, Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Կովկասի, Լիբիայի, Արևելյան Միջերկրածովյան և այլ տարածաշրջանների գլոբալ հարցերում է։ Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն այդ առաջնահերթ հարցերը»- ընդգծել է Քալընը։
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ին Հռոմում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում: