Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավատում է, որ Հայաստանը կհաղթահարի դժվարին ժամանակները Ռուսաստանի և Ռուս Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:
«Մենք միշտ զգացել ենք Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն։ Ինչպես հայտնի է, Ձերդ Սրբազան, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվարին ժամանակներ են եկել։ Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատքի, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ այս փորձությունը մենք նույնպես կարող ենք հաղթահարել»,- ասել է Գարեգին Բ-ն Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Դանիլովի վանքում։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
Կիրիլ Պատրիարքը հանդիպումներ է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Հոկտեմբերի 13-ին նախատեսված է եռակողմ հանդիպում։
Ավելի վաղ պատրիարք Կիրիլը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջեւ բանակցություններն արդեն արդյունք են տվել և իջեցրել են Լեռնային Ղարաբաղում դիմակայության աստիճանը: Նա բազմիցս նշել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին պատրաստ է մասնակցել խաղաղարար գործընթացին։ Գարեգին Բ-ն նշել է, որ պատրիարք Կիրիլի ներկայությամբ սպասվելիք եռակողմ հանդիպումների համատեքստում ակնկալում է Փաշազադեի մասնակցությունը գերեվարված անձանց հայրենիք վերադառնալու հարցում։