Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի քաղաքական առաջնահերթությունների շարքում է, սա կարելի է տեսնել նաև Կառավարության հնգամյա ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Այս մասին Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ ցանկանում է մեծ գոհունակություն հայտնել այսօրվա հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը բոլոր պայմանավորվածություններն արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ:
«Այս տարի լրանում է մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասաց Միրզոյանը և շնորհավորեց Հնդկաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած անդամության առթիվ, ինչպես նաև վերահաստատեց ՄԱԿ-ում մշտական անդամություն ստանալու Հնդկաստանի տրված վստահությունը:
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հնդկաստանը, որպես աշխարհի ամենաժողովրդավար ու խաղաղասեր պետություն, կարող է նպաստել Հարավային Կովկասի կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը:
«Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ բարձր է գնահատում Հնդկաստանի՝ մայիսին արված հայտարարությունը, որում ասված է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հետ քաշվի ՀՀ ինքնիշխան տարածքներից: